«Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
08.10.2019 | 00:28
Տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ զրուցում ենք տարածաշրջանային փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
-Հոկտեմբերի սկզբից Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ելույթները։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված։
-Իրաքում սկիզբ առած հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք արդեն դարձել են հարյուրավոր մարդկանց մահվան, հազարավորների վիրավորվելու պատճառ, հիմնականում կրում են սոցիալական բնույթ: Անցած տարի ամռանը նույնպես նման ցույցեր տեղի ունեցան, սակայն այսչափ չէին խորացել: Ցուցարարները պահանջում են աշխատատեղերի բացում, կոռուպցիայի, մենաշնորհների վերացում և այլն: Մի խոսքով, համակարգային փոփոխություն են պահանջում: Երկրի հոգևոր և քաղաքական դաշտի մի մասը պաշտպանում է ցուցարարներին և երկրի վարչապետից պահանջում հրաժարական, նոր ընտրություններ: Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար է ասել, քանի որ Իրաքի վարչապետը նպատակ չունի հանձնվելու, նա կոչ է անում հանդարտության, ինչին, ի դեպ, կողմ է նաև Իրաքյան Քրդստանի կառավարությունը: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ սա լի է արտաքին վտանգներով, այն կարող է պարարտ հող լինել ԻՊ-ի զինյալների համար, ովքեր, օգտվելով այս մղձավանջից, կարող են կրկին հաստատվել Իրաքում:
-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ անկայունությունը։
-Եթե ևս մի քանի օր այս անկայունությունը շարունակվի, ապա Իրաքը խնդիր կունենա ազգային անվտանգության առումով, այստեղ արդեն պառակտում է սկսվել շիա և սուննի հետևորդների միջև, կրոնական բախման վտանգը աստիճանաբար ավելի է խորանում, ինչը վտանգավոր է ոչ միայն Իրաքի, այլև տարածաշրջանի բոլոր մահմեդական երկրների համար:
-Դուք բազմիցս նշել եք, որ Թուրքիան պանթուրքիզմի կառուցման նպատակ է հետապնդում։ Ի՞նչն է Ձեր մտավախությունն առաջացնում։
-Թուրքիան միշտ ունեցել է պանթուրքիզմի գաղափարները կյանքի կոչելու նկրտումներ, և այժմ Սիրիայի պատերազմն ու Սիրիայում տիրող անկայուն իրավիճակը լավագույնս օգտագործում է: Թուրքիան 2018-ից Սիրիայի այն հատվածներում, որտեղ զորք ունի տեղակայված, բացել է դպրոցներ և միջին մասնագիտական արհեստագործական ուսումնարաններ: Ի դեպ, այստեղ դասավանդում են Թուրքիայից ժամանած ուսուցիչները, և դասավանդումը տեղի է ունենում, ոչ ավել-ոչ պակաս, թուրքերենով: Իսկ ահա բոլորովին վերջերս Թուրքիան կրկին այն սիրիական քաղաքներում, որոնք գտնվում են փաստացի իր վերահսկողության տակ, բացել է համալսարանական ֆակուլտետներ, որտեղ կրկին Թուրքիայից ժամանած մասնագետներն են դասավանդելու՝ կրկին թուրքերենով: Եվ ընդհանրապես, Թուրքիայի վարած քաղաքականությունը ակներև է դարձնում պանթուրքիզմի գաղափարախոսության պրոպագանդումը: Այլ երկրների տարածքում քրդերի դեմ պայքարը ևս դրա վառ ապացույցն է, քանի որ տարածաշրջանում ժողովրդագրական աճի տեսանկյունից միայն քրդերն են համարվում Թուրքիային մրցակից, և հենց քրդերը կարող են ակամայից ի չիք դարձնել պանթուրքիզմի ստեղծումը, ինչին այդքան ձգտում է Թուրքիան:
-Օրերս Ալիևը հայտարարեց՝ Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ։ ՌԴ արտգործնախարարն էլ, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը, նշել է, որ այն չի նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Այս երկու գործիչների գրեթե միաժամանակյա հայտարարություններն ի՞նչ են նշանակում։
-Ալիևը փորձեց հակազդել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր երկրի ներսում չթողնի արտաքին քաղաքականության մեջ թույլ ղեկավարի տպավորություն: Բնական է, որ Ալիևը հենց այդպես էլ պետք է ասեր, սա ընդհանրապես նորություն չէ, քանի որ նա բազմիցս ոչ միայն Արցախն է ադրբեջանական համարել, այլև Սևանա լիճը, Երևանը, մեր քրիստոնեական արժեքները ևս: Եթե վերցնենք քաղաքական առումով, ապա այս անգամ Ալիևը շատ հեռու գնաց: Նա մի շարք երկրների ղեկավարների ներկայությամբ ոչ միայն այդ արտահայտությունը արեց, այլև Ռուսաստանին ակնարկեց, որ կարող է դառնալ նրա ամենալավ ռազմական գործընկերը նորագույն թանկարժեք զենք ձեռք բերելու հարցում և ուղիղ ասաց, որ պատրաստվում են զենք ձեռք բերելու Ռուսաստանից: Լավրովի հայտարարությունը բացառապես դիտարկում եմ կողմերի միջև անկողմնակալության բալանսը պահպանելու տեսանկյունից: Ես այդքան էլ համաձայն չեմ այն թեզի հետ, թե այժմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատ են: Մեր երկու երկրների հարաբերությունները չեն կարող վատ լինել, դիցուք, ղեկավարների քմահաճույքներից ելնելով, քանի որ մեր հարաբերությունները շատ ավելի խորքային են, բազմակողմանի են, և դրանք վաղուց անձերի միջև հարաբերություններից վերածվել են իսկապես երկու պետությունների միջև եղած հարաբերությունների: Բայց և այնպես, ցանկանում եմ շեշտել, որ Ալիևի վերջին շրջանի ավելի ջղաձիգ պահվածքը կարող է, ի վերջո, հանգեցնել ռազմական բախման: Ալիևը չի կարող այս փուլում իր հասարակությանը նախապատրաստել խաղաղության, քանի որ մինչև հիմա վարել է հակահայ և հայատյաց քաղաքականություն: Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն քաղաքական կյանքում, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք:
Զրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- «451° ըստ Ֆարենհայթի»
- ՈՒրիշ տեղ չկա՞ր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
- «Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը»
Մեկնաբանություններ